ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Անանիա Շիրակացին, որը հայտնի է համարող (մաթեմատիկոս) մականունով, հայ մատենագրության ականավոր դեմքերից մեկն է, բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ։
Շիրակացու կյանքի և գործունեության մասին մենք հավաստի տեղեկություններ ունենք։ Մեզ է հասել հեղինակի ինքնակենսագրականը, որից երևում է, որ նա ծնվել է պատմական Շիրակ գավառի Անի ավանում, VII դարի սկզբում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի վանական դպրոցում, իսկ հետո, գիտելիք֊ներր խորացնելու և կատարելագործելու նպատակով, մեկնել է Արևմտյան Հայաստան, որն այն ժամանակ գտնվում էր Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Նա շատ է սիրել հատկապես մաթեմատիկան, որը համարել է մայր բոլոր գիտությունների. «Եվ հույժ կարոտելով համարողության արվեստին,_ գրում է նա,_ խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում ՝ այն մայր համարելով բոլոր գիտությունների»:
Մաթեմատիկայի լավագիտակ ուսուցիչ գտնելու նպատակով, Շիրակացին երկար թափառել է Արևմտյան Հայաստանում և չկարողանալով գտնել իր հավանած մասնագետը, ցանկացել է մեկնել Կոստանդնուպոլիս։ Ճանապարհին նա հանդիպել է ծանոթների, որոնք և խորհուրդ են տվել գնալ ոչ թե Կոստանդնուպոլիս, այլ Տրապիզոն, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ։ Շիրակացին լսում է նրանց խորհուրդը և ուղևորվում Տրապիզոն:
Տյուքիկոսի դպրոցը մեծ հռչակ է վայելել Առաջավոր արևելքում. այդ դպրոցը սովորելու են եկել ուսանողներ տարբեր վայրերից:
Շիրակացու վկայությամբ, բյուզանդական արքունի դրանիկների երեխաներն անգամ այստեղ են ստացել իրենց բարձրա֊գույն կրթությունը։
Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ.«Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան.«Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»:
Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանր և ճշգրիտ մյուս գիտություններին ու գիտական մեծ պաշարով վերադառնում հայրենի գավառը՝ Շիրակ։ Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական աշխատանքներով։ Գրում է մի շարք ուսումնասիրություններ, որոնք, հիմնականում, ընդգրկում են բնական գիտությունների բնագավառը՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարի, չափագրության և այլև։
Շիրակացու մասին ժողովրդի մեջ տարածվել է մի ավանդություն, ըստ որի նա ենթարկվելով հալածանքի, թողել է իր հայրենի երկիրը և ապաստանել Վենետիկ։ Այստեղ նա ծառայության է մտել Վենետիկի թագավորի մոտ, արել է մի շարք գյուտեր, կարողացել է գտնել ջրից ոսկի պատրաստելու գաղտնիքը։ Վենետիկի թագավորը ցանկանալով գաղտնի պահել գյուտը, որոշել է սպանել Շիրակացուն: Բայց Շիրակացին խնդրել է իրեն չսպանել, խոստացել է գաղտնի պահել իր գյուտը, միայն պահանջել է թագավորից , որ նա ոսկի դրամի վրա դրոշմի իր նկարը։ Եվ, ավանդության մեջ ասվում Է, որ մի դրամ Է գտնված, որի մի երեսին Վենետիկի թագավորի նկարն Է, իսկ մյուսում՝ Շիրակացու։
Շիրակացու մահվան ճիշտ թվականը հայտնի չէ: Նրա հեղինա¬կությամբ մեզ հասած «Պատմության» մեջ խոսվում է խազարների 685թ Հայաստանի վրա կատարած մի հարձակման մասին։ Նկա¬տի ունենալով, որ այդ թվականին Շիրակացին պետք է առաջացած տարիք ունենար, կարելի է ենթադրել, որ նա մահացած պետք է լինի VII դ ութսունական թվականներին։
Շիրակացու մեզ հասած աշխատություններից ամենից ինքնատիպն ու արժեքավորը թվաբանության դասագիրքն է, որը բաղկա¬ցած է երկու մասից՝ թվաբանական աղյուսակներից և խնդրագրքից:
Թվաբանական աղյուսակների առաջին խումբը գումարման գործողությունն է, որը կոչվում է «Ընդունելություն» (մի թիվ մյուսի վրա ավելացնելու, գումարելու իմաստով)։ Գումարման գործողությունների աղյուսակների բաժինն անվանված է «Նախավարժում», որը հիմք է տալիս ենթադրելու, որ այն տվյալ առարկայի առաջին տարվա դասընթացն է։
Թվանշանները, ինչպես ընդունված է եղել հին հայկական մատենագրության մեջ, Շիրակացու թվաբանական աշխատության մեջ ևս տրվել են հայկական տառանիշներով.
Ա-1______ Ժ-10 ______ ճ-100 ______ Ռ-1000
Բ-2______ Ի-20 ______ Մ-200______ Ս-2000
Գ-3______ Լ-30 ______ Յ-300______ Վ-3000
Դ-4______ Խ-40 ______ Ն-400______ Տ-4000
Ե-5______ Ծ-50 ______ Շ-500______ Ր-5000
Զ֊-6______ Կ-60 ______ Ո-600______ Ց-6000
է-7______ Հ—70 ______ Չ-700______ Ի-7000
Ը֊-8______ Ձ–80 ______ Պ-800______ Փ-8000
Թ-9______Ղ—90______ Ջ-900______ Ք-9000
Ավելի բարձր թվեր արտահայտելու համար գործ է ածվել այս¬պես կոչված բյուրի նշանը (/\), որր թվանշանի վրա դնելիս այն մեծացնում էր տասը հազար անգամ։ Օրինակ, եթե ճ-ն հավասար է հարյուրի, ապա նրա վրա այդ գծանշանը դնելիս, ճ-ն հավասարվում է մեկ միլիոնի: Հատուկ գծանշան է գործածվել կոտորակի համար, իսկ կեսը դրվել է լատինական C-ի նման մի նշանագրով։
Շիրակացու թվաբանական դասագրքի աղյուսակների երկրորդ խումբը հանման աղյուսակներն են, որոնք կոչվել են «Բացդրություն» (մի թիվ մյուսից բաց դնելու, դուրս հանելու նշանակությամր)։ Ուշագրավ է, որ հանման գործողությունների ժամանակ նախ գրվել է հանելի թիվը, հետո՝ նվազելին։ Հանման գործողությունների դասընթացն անվանվել Է «Գերավարժում», և այս, հավանական Է, երկրորդ տարվա դասընթացն Էր։
Թվաբանական աղյուսակների ամենից ընդարձակ բաժինը բազմապատկման աղյուսակներն են, որոնք ունեն 1332 արտադրյալ, իսկ չորրորդ խումբը «Վեցհազարյակ» կոչվող հակադարձ գործողությունների աղյուսակներն են, որոնք օգտագործվել Էն բաժանման գործողությունների համար։ Այդ աղյուսակները շա¬րադրված են այնպես, որ վեց հազար թիվը հաջորդաբար բաժանվում Է հայկական այբուբենի բոլոր տառանիշների թվական արժեքների վրա՝ մեկից մինչև երեսունվեցը։
Վեցհազարյակ աղյուսակների շարունակությունն են «դար» (զույգ) և «կոճատ» (կենտ) կոչվող թվերի շարքերը, որոնք կազմված են այնպես, որ հորիզոնական ուղղությամբ թվաբանական պրոգրեսիա Է ստացվում, իսկ ուղղաձիգ ուղղությամբ՝ երկրաչափական պրոգրեսիա։
Դասագրքի ընդարձակ բաժինը խնդրագիրքն Է, որ բաղկացած Է 24 խնդիրներից։ Նրանց նյութը մեծ մասամբ վերցված Է V—VI դարերում Հայաստանում տեղի ունեցած իրական դեպքերից։ Խնդրագրքի մեջ կան արժեքավոր տեղեկություններ հայ ժողովրդի ազատագրական շարժումների, առևտրական հարաբերությունների, գերեվարության, որսորդության, զինվորական կյանքի և այլնի մասին։
Խնդիրների շարունակությունն են կազմել վեց «խրախճանական» կոչվող խնդիրներ, որոնք, սովորաբար, գործ են ածել ուրախությունների ժամանակ՝ մրցակցությունների պահին, հարց ու պատասխանի ձևով։
Ավելորդ չենք համարում Շիրակացու թվաբանության դասագրքի մասին բերել ակադ, Ն. Ւ. Մուսխելիշվիլո, պրոֆ. Ա.Պ. Յուշկևիչի, ՍՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Ս.Ն.Մերգելյանի և Սովետական Միության անվանի մի քանի մաթեմատիկոսների խմբագրությամբ լույս տեսած «История отечественной математики» գրքում հայտնված հետևյալ կարծիքը. «Շիրակացու թվաբանական աշխատությունը մեզ հասած հնագույն թվաբանական դասագրքե¬րից մեկն Է և պարունակում Է թվաբանական գործողությունների ամենից հնագույն աղյուսակները»։ Ւսկ հայտնի մաթեմատիկոս Հ. Յա. Դեպմանը գրել. «Ըստ մաթեմատիկական կուլտուրայի հնության, Սովետական Միության ժողովուրդների մեջ առաջին տեղում են հայերը։ Հայերի մոտ VII դարում հանդես է եկել հիանալի գիտնական Անանիա Շիրակացին, որի աշխատանքները մեծ չափով հասել են մեր ժամանակները։ Անանիա Շիրակացին եղել է մաթեմատիկոս, աստղագետ, օդերևութաբան, պատմաբան և աշխարհագրագետ։ Նա իր աշխատություններում, բացի զուտ մաթեմատիկա կան խնդիրներից, արծարծում է նաև այլ հարցեր՝ երկրի գնդաձևության, լուսնի և արեգակի խավարումների, մաթեմատիկայում զրոյի օգտագործման, բազմանկյուն թվերի, օրացուցային հաշվումների, արեգակնային ժամացույցների մասին։ Եվ նա այդ ամենն ասել է այն դարաշրջանում, երբ եվրոպական ժողովուրդների մոտ ոչ ոք այդ հարցերի ուսումնասիրությամբ չէր զբաղվում »:
Անանիա Շիրակացու մեզ հասած երկերից գիտական մեծ արժե ք ունեն նրա տոմարագիտական աշխատությունները, որոնց հետ է կապված հայկական տոմարի խոշոր բարեփոխություններից մեկը՝ հայկական շարժական տոմարի զուգադրության սահմանումը հռոմեական անշարժ տոմարի հետ։
Շիրակացու տոմարական աշխատություններից ամենից կարևորը «Քրոնիկոն» կոչվողն է, որը պարունակում է 532 տարիների զուգացանկը: Այնտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յու¬րաքանչյուր տարվա ամանորի, յոթներյակի, վերադրի, գարնանա¬մուտի, կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների մասին։ Ըստ որում, կողք-կողքի զուգադրված են հռոմեական անշարժ և հայկական շարժական տոմարները։ Շիրակացու այս զուգացանկը, որը հիմք Է ծառայել ուշ դարերում կազմված այլ զուգացանկերի, հայտնի Է «ՇԼԲ (532) աղյուսակներ» անունով։
Շիրակացու «Քրոնիկոնիւ> համար հիմք Է ծառայել Ալեքսանդրիայում կազմված 532 տարիների տոնացույցը, որը սկսվում Էր 552 թվականից և վերջանում 1084 թվականով։ Շիրակացու «Քրոնիկոնի» առաջին տարին՝ 552 թվականը, հիմք ծառայեց հայկական մեծ կոչվող թվականության սկզբնավորության։
Արժեքավոր Է նաև Շիրակացու «Պատճէն տումարի» աշխա¬տությունը, որը կարևոր է ոչ միայն հայկական տոմարի, այլև մի շարք այլ ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, եթովպիական, բյութանական, պարսկական, մակեդոնական և այլն) տոմարների պատմության համար:
Կան ժողովուրդներ, որոնք վաղուց է, ինչ հեռացել են պատմության ասպարեզից, առանց գրավոր հետք թողնելու, իսկ նրանց տոմարի մասին տեղեկություններ են պահպանվել Շիրակացու մոտ։ Այսպես, օրինակ, մեր հարևան աղվան ժողովուրդն ունեցել է իր տոմարր, որի մասին տվյալներ է հաղոր¬դում միայն Շիրակացին, նա տեղեկություններ է պահպանել աղ-վանական տոմարական համակարգի և ամսանունների մասին։
Շիրակացու «Պատճէն տումարի» աշխատության մեջ բերված են մի շարք արժեքավոր տեղեկություններ նաև հին հայկական, նախաքրիստոնեական տոմարի մասին։ Դրանից երևում է, որ եկեղեցական շարժական տոմարին զուգրնթաց գոյություն է ունեցել քաղաքացիական անշարժ տոմար։ Աշխատության մի հին ձեռագրում հայկական ամիսներր զուգադրված են հռոմեական ամիսների հետ, ուր հայկական առաջին ամիսր համապատասխա¬նում է հռոմեական մարտ ամսին։ Պարզվում է, որ հին հայկական ամանորը հեթանոսական շրջանում եղել է մարտի 21 –ը՝ գարնա-նամուտի օրը։
Հեթանոսական շրջանից են գալիս նաև հին հայկական ամսա¬նունները, որոնք գործածվել են Հայաստանում նաև միջին դարերում։ Ըստ որում, հայկական ամիսները եղել են ոչ թե 12, ինչպես այժմ է, այլ 13, որոնցից 12-ը 30-ական օրով, իսկ մեկը՝ վերջին հավելյալ ամիսը՝ 5 օրով։
Հայկական ամսանուններն են. Նավասարդի, Մեհեկի, Հոռի, Արեգի, Սահմի, Ահկի, Տրե, Մարերի, Քաղոց, Մարգաց, Արաց, Հրոտից, Ավելյաց։
Նախաքրիստոնեական հայկական տոմարում անուններ են ունեցել ոչ միայն ամիսները, այլև՝ ամսվա 30 օրերից ամեն մեկը։ Այդ օրերը նվիրված են եղել հին հայկական աստվածներին (օրեր ունեն Արամազդը, Վահագնը, Անահիտը և այլն) և կամ Հայաստա¬նի սրբազան համարվող վայրերին (Մասիս, Նպատ, Արագած և այլն)։ Անուններ են ունեցել նաև օրվա ժամերը։
«Պատճէն տումարի» աշխատության մեջ բերված են նաև օրվա 24 ժամերի անուններր։ Ահա դրանք.
Ցերեկային ժամեր—————>> Գիշերային ժամեր
1.Այգն—————>> Խավարականն
2.Ծայգն—————>> Աղջամուղջն
3.Զորացյալն—————>> Մթնացյալն
4.Ճառագայթյալն—————>> Շաղավոտն
5.Շառավիղյալն—————>> Կամավոտն
6.Երկրատեսն—————>> Բավականն
7.Շանթակալն—————>> Հավթափյալն
5.Հրակաթն—————>> Գիզակն
9.Հուրթափյալն—————>> Լուսաճեմն
10.Թաղանթյալն—————>> Առավոտն
11.Առավատն—————>> Լուսափայլն
12.Արփողն—————>> Փայլածումն

Շիրակացին, իր տոմարական աշխատանքները մատչելի դարձնելու նպատակով, կազմել է մի շարք աղյուսակներ և բոլորակներ, որոնք զգալի չափով դյուրացնում են տոմարական ամենաբարդ հաշվումների կատարումը։ Այդ աղյուսակները և բոլորակները տոմարական տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև հռոմեական, եբրայական, ասորական, եգիպտական և մյուս տոմարական համակարգերի մասին։ Շիրակացին ունի նաև աղյույսակներ և բոլորակներ վերադիրների, յոթներյակների, համաստեղությունների, քրիստոնեական կարևոր տոների վերաբերյալ։
Այդ բոլորակներից ուշագրավ են մասնավորապես ստվերաչափերը, որոնց մեջ նշվում է, թե Հայաստանում տարվա ո՛ր ամսին և օրվա ո՛ր ժամին ստվերն ինչ երկարություն է ունենում։ Հայաստանում բազմաթիվ հուշարձանների վրա, ինչպես հայտնի է, մնացել են արեգակի ժամացույցներ, որոնց գործածությունը դժվար կլիներ առանց Շիրակացու կազմած ստվերաչափ աղյուսակների։
Տոմարական բովանդակություն ունեն նաև Շիրակացու լուսնի պարբերաշրջանների աղյուսակները, որոնք հնարավորություն են տալիս որոշելու, թե որ թվականի, որ ամսի քանիսին, որ ժամին ու րոպեին են տեղի ունենում լուսնի ծնունդը և լրումը։ Շիրակացու այդ աղյուսակների հիմքում Մետոնի նշանավոր աղյուսակներն են ընկած՝ հայտնի «Ոսկե գիրը», սակայն Շիրակացին տառացի չի կրկնել Մետոնին, այլ նրա աղյուսակներր հարմարեցրել է տեղական ժամանակի հետ։ Այդ մասին Շիրակացին նշված աղյուսակների առաջաբանում գրել է. «Արդ՝ ես Անանիա Շիրակացի, ստուգիւ քննեցի զամենայն աւուրս ընթացից և եղանակաց լուսնի, ըստ որում շրջագայէ»: Շիրակացու այդ խոսքերից կարելի է ենթադրել, որ իր դիտարկումների համար նա գուցե նաև ունեցել է աստղագիտարան:
Շիրակացու տոմարական և աստղագիտական աշխատություններր խոշոր արժեք ներկայացնող բնագրեր են աստղագիտության և տոմարագիտության պատմության համար։
Շիրակացու մյուս խմբի աշխատությունները տիեզերագիտական բովանդակություն ունեն։ Այստեղ արծարծված են տիեզերագիտական բազմաթիվ հարցեր։ Անհրաժեշտ ենք համարում կանգ առնել հայ գիտնականի առաջադրած բնա–փիլիսոփայական մի քանի հարցերի վրա։
Հետևելով անտիկ առաջադեմ գիտնականներին, Շիրակացին գտնում է, որ երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ, բաղկացած է չորս տարրերից՝ հողից, ջրից, օդից և կրակից։ Մարդը, անասունները, բույսերը, ծառերը, պտուղները և այլն՝ բոլորը չորս տարրերից բաղադրված միացություններ են։
Շիրակացին բնությունը պատկերացնում է շարժման, փոփոխության մեջ. բոլոր տեսակի գոյացությունները ենթակա են փոփոխության. ժամանակի ընթացքում նրանք քայքայվում են, իսկ փոխարենը նորերն են ստեղծվում։ Այդ մասին նա գրում Է, թե ամեն մի լինելություն ենթադրում է քայքայում, իսկ քայքայումը, իր հերթին, ենթադրում է լինելություն, և այս անվնաս հակադրության հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել։ Ըստ որում, նրա տեսությամբ, այս փոփոխությունների ընթացքում տարրերը չեն ոչնչանում, այլ մի ձևից փոխվում են՝ մի այլ ձևի։
Ուշագրավ է Շիրակացու տեսակետը կոսմոգոնիայի (աշխարհաստեղծման) վերաբերյալ։ Քննասեր մարդկությունը վաղուց ի վեր ցանկացել է իմանալ, թե ինչ ձև ունի երկիրը։ Այս հարցի մասին գիտնականները տարբեր ժամանակներում տարբեր տեսակետներ են արտահայտել։ Շիրակացին ևս անդրադարձել է այս հարցին և ինքնատիպ բացատրություն է տվել. «Երկիրը.— գրել է նա,— ինձ թվում է ձվի նման է. ինչպես ձվի կլոր դեղնուցը մեջտեղում է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը և երկիրը շրջապատում է չորս կողմից»։ Երկրի կլորության մասին իր տեսակետը Շիրակացին հայտնում է նաև «Աշխարհացույցի» մեջ:
Երկրի գնդաձևության մասին իր այդ տեսակետը հայտնել է առանց վերապահության՝ հակադրվելով այն ժամանակ տարածված մի շարք տեսակետների, այդ թվում նաև՝ Աստվածաշնչի, ըստ որի՝ երկիրը տափարակ մի տարածություն Է։ Պետք Է նկատի ունենալ, որ միջնադարյան մռայլ իրականության մեջ մեծ համարձակություն Էր արտահայտել այնպիսի տեսակետ, որը չէր համապատասխանում կրոնական դոգմատիկային. խիզախ գիտնականին կարող էին պատասխանատվության կանչել որպես հերետիկոսի, կարող էին կտրել նրա ձեռքերի ու ոտքերի ջլերը և խարան դնել ճակատին։
Շիրակացին երկրի կլորության հարցում հետևում է Պտղոմեոսին, նրա աստղագիտական համակարգը հելիոցենտրիկ (արեգակնակենտրոն) չէ, այլ՝ գեոցենտրիկ (երկրակենտրոն)։
Ընդունելով երկրի գնդաձևությունը, անհրաժեշտ էր պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է, որ երկրագունդը, այդ հսկայական զանգվածը, կարողանում է տիեզերքում պահել իր հավասարակշռությունը և վայր չի ընկնում։ Այս հարցը ևս հնում գիտնականների քննարկման առարկան է եղել. ոմանք ընդունել են, որ երկիրը հաստատված է երեք հսկա փղի վրա, ոմանք՝ եզան, ոմանք՝ կոկորդիլոսի և այլն։ Ըստ Աստվածաշնչի տեսության, երկիրը հաստատված է ծովի վրա, իսկ ծովերը՝ սյուների։ Շիրակացին զգուշությամբ մերժում է Աստվածաշնչի այս տեսությունը և հարց տալիս. «Ծովերն ինչպե՞ս կարող են պահել այսպիսի ծանրություն և թույլ չտալ, որ նա ընկղմվի»: Հարցին նա տալիս է հետևյալ ինքնատիպ բացատրությունը. հավասարակշռություն ստեղծող երկու հակադիր ուժերն են երկրագնդի ծանրությունը և նրա վրա ներքևից փչող հզոր հողմերը. «Երկրագունդն իր ծանրությամբ հակում ունի ցած իջնելու, իսկ հողմն իր ուժգնությամբ աշխատում է երկիրը վեր բարձրացնել», որի հետևանքով և ստեղծվում է հավասարակշռություն. ոչ երկրագունդն է վայր ընկնում, և ոչ էլ հողմն է երկրագնդին վերև բարձրացնում։
Շիրակացու այս տեսակետը, ինչպես գիտենք, ճիյտ չէ, սակայն Նյուտոնից առաջ, տվյալ հարցի մասին արտահայտված տեսակետներից ամենից տրամաբանականը այս է համարվում ։ Ի դեպ, ուշ միջնադարում եվրոպական մի շարք գիտնականներ ևս պաշտպանել են այս հիպոթեզը։ Գիտության մեջ այն հայտնի է «մրրիկների տեսություն» անունով։
Շիրակացին իր «Տիեզերագիտության» մեջ, առանձին գլխի տակ խոսում է Ծիր կաթինի մասին։ Այդ կապակցությամբ նա բե¬րում է հնում տարածված մի քանի առասպել։ Ոմանք, գրում է նա, ասում են, թե Ծիր կաթինր Հերա աստվածուհու ստինքից թափված կաթն է, որը ցրվել է երկնակամարում և փայլփլում է, ոմանք ասում են, թե այդ Գերոն աստծու ճանապարհն է, որով նա քշել է իր նախիրը, ոմանք ասում են, թե այդ Պերսիֆոնիա աստվածուհու առագաստն է, և այլն: Նա բերում է նաև հայկական առասպելը, հայոց Վահագն աստվածը մի ցուրտ ձմռան գնացել Է Ասորիք, գողացել է ասորական բարշամ աստծու հարդը և երկնքով բերելիս թափել է ճանապարհին, այդ պատճառով Էլ Ծիր կաթինը Հարդագողի ճանապարհ Է կոչվում։ Շիրակացին քննադատում Է այս առասպելը և հետևելով անտիկ գիտնականներին, գտնում Է, որ Ծիր կաթինը ոչ այլ ինչ Է, եթե ոչ մանր, աղոտ լույս ունեցող խիտ աստղերի կուտակումներ։
Շիրակացին մերժում Է այն տեսակետը, ըստ որի՝ լուսինն ունի իր սեփական լույսը։ Նրա կարծիքով, արեգակն իր լույսը ստանում Է արփուց, իսկ լուսինն՝ արեգակից։
Լույսի արտացոլման հետ Է կապում Շիրակացին լուսնի պար-բերաշրջանների փոփոխությունը։ Ըստ նրա տեսության, արեգա¬կը գտնվում Է երկնակամարի հինգերորդ գոտում, իսկ լուսինը՝ չորրորդ, և քանի որ արեգակը և լուսինը տարբեր արագությամբ են պտտվում երկրագնդի շուրջը, նրանք մեկ մոտենում են իրար, մեկ հեռանում, ուստի արեգակը լուսնին մոտենալիս նրա լուսավորած մակերեսը լուսնի վրա սկսում Է փոքրանալ, իսկ հեռանալիս մեծանալ։
Շիրակացին լուսնի պարբերաշրջանների փոփոխության հետ Է կապում նաև ծովերի և օվկիանոսների տեղատվությունն ու մակընթացությունը, լիալուսնի ժամանակ ծովերի ջրերն սկսում են բարձրանալ, իսկ լուսինր փոքրանալիս՝ իջնել։
Շիրակացին հանգամանորեն խոսում Է արեգակի և լուսնի խավարումների մասին և, հակառակ քաղդեական աստղաբաշխների անհեթեթ բացատրություններին, որոնք խավարումները կապում Էին երկնային ինչ–որ վիշապի շարժումների հետ, որն իր պոչով իբր թե ծածկում Է արեգակի կամ լուսնի սկավառակը և առաջացնում խավարում, գտնում Է, որ լուսնի խավարումն առաջանում Է այն ժամանակ, երբ արեգակն իր պտույտի ընթացք գանվում է հյուսիսային կիսագնդում, իսկ լուսինր՝ հարավային, և երկրագունդն ընկնում է նրանց միջև ու արգելակում արեգակի լույսի թափանցումը դեպի լուսին, առաջանում է լուսնի խավարում։ Իսկ այն դեպքում, երբ լուսինն է ընկնում արեգակի ու երկրի միջև և արգելակում արեգակի լույսի թափանցումը դեպի երկիր, առաջանում է արեգակի խավարումր։
Ի դեպ, Շիրակացին գիտե և իր մի քանի աշխատությունների մեջ որոշակի նշել է, որ արեգակը շատ ավելի մեծ է, քան երկրագունդը, բայց փոքր է երևում, որովհետև գտնվում է անչափ մեծ հեռավորության վրա։
Շիրակացին իր աշխատությունների մեջ քննության է առել ճշգրիտ գիտություններին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր ևս. երկնային լուսատուների՝ երկրից ինչ հեռավորության վրա գտնվելը, նրանց շարժումները, ձյան ու անձրևի առաջացման պատճառները և այլն։
Շիրակացին սուր քննադատության է ենթարկել, մասնավորապես, քաղդեական բախտագուշակներին այն բանի համար, որ նրանք փորձում էին մարդկանց ճակատագիրը՝ նրանց բախտավոր կամ անբախտ, բարի կամ չար, հարուստ կամ աղքատ, տեր կամ ծառա լինելը կապել աստղերի շարժման հետ և պնդել, որ իբր թե մարդկանց ճակատագիրը նախապես որոշվում է նրանով, թե որ աստղի տակ է ծնվում երեխան։ Նման պնդումներր Շիրակացին համարում է զառանցանք, իսկ նրանց հեղինակներին՝ կախարդներ: Եթե ճիշտ է այս տեսությունը, ասում է Շիրակացին, այն դեպքում ինչո՞ւ են ծառաները ձգտում լավ կյանքի, չէ՞ որ աստված նախապես որոշել է նրանց դժբախտ կյանքր… եթե երեխան ծննդից չար է, այն դեպքում ինչո՞ւ են հանցանքի համար նրան դատապարտում, չէ՞ որ նա իր ծննդով աստծուց չար է ստեղծված։ Եթե մարդկանց չար ու բարի լինելը նախապես աստծուց է սահմանվում, այն դեպքում ինչի՞ համար են օրենքները և դատարանները, քանի որ մարդը չի կարող աստծու սահմանումից դուրս գալ և հակառակ գործել։ Եվ, վերջապես, եթե փոքրիկ, անմեղ երեխայի մեջ աստված չարություն է դնում, եզրակացնում է մեր հեղինակը, այն դեպքում չար է ինքը՝ աստվածը:
Շիրակացու համար ամեն ինչից բարձր է գիտությունը, այն ամենը,ինչ հակառակ է գիտությանը, անընդունելի է նրա համար:
Անանիան իր գիտական աշխատությունները գրելիս օգտվել է անտիկ գիտնականներից. ինքն էլ հաճախ մատնացույց է անում իր աղբյուրը: Այսուհանդերձ նա առաջադրում է գիտական այնպիսի հարցեր առաջ է քաշում այնպիսի հիպոթեզներ, որոնք Արևմտյան Եվրոպայում գիտական քննարկման նյութ դարձան ուշ միջնադարում։
Շիրակացին իր գիտական եզրակացությունների մեջ տեղ-տեղ ցուցաբերում է հաշտվողական վերաբերմունք եկեղեցական հայրերի ոչ ճիշտ դրույթների նկատմամբ, երբեմն փորձում է գիտական տվյալները համաձայնեցնել Աստվածաշնչի հետ։ Սակայն քննվող հարցի ընդհանուր շարադրանքից պարզ երևում է, որ Շիրակացին այդ զիջումները կատարում է ակամա, և բոլոր դեպքերում իր նախասիրությունը դեպի գիտությունն է։
Շիրակացու արժեքավոր աշխատություններից մեկը նրա «Աշխարհացույցն» է, որը մեզ է հասել երկու խմբագրությամբ՝ ընդարձակ և համառոտ։
«Աշխարհացույցի» ներածության մեջ Շիրակացին նախ բացատրում է, թե նա աշխարհագրությունը գրելու համար ինչո՞ւ է դիմում անտիկ հեթանոսական գիտնականներին և ոչ եկեղեցական հայրերին. «Կրոնական գրքերի մեջ,— գրում է նա,— չկան ամբողջական գիտական տեղեկություններ աշխարհների որպիսության մասին, ուստի մենք հարկադրված ենք դիմելու հեթանոսական գիտնականներին»։
Ներածության մեջ նա կանգ է առել նաև երկրի մեծության, նրա զուգահեռականների և միջօրեականների ու քարտեզագրական այլ մանրամասնությունների վրա, նշել է, որ տվյալ հարցերում հետևում է Պտղոմեոսին, որովհետև «նրա մարդիկ մանրամասն չափագրել են երկիրը Անծանոթ ծովից մինչև Սպանիա»։ Աղբյուրագիտական ուսումնասիրությունները պարզել են, որ Շիրակացին Պտղոմեոսի աշխատությունից բացի ձեռքի տակ ունեցել է այլ հեղինակների աշխատությունները ևս՝ Պապոս Աղեքսանդրացու, Կոստանդին Անտիոքացու և այլն։
«Աշխարհացույցը» պարունակում է երեք մայրցամաքների Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի երկրների ամբողջական նկարագրությունր, ըստ որում, Շիրակացին առանձին երկրներ նկարագրելիս հիմք է վերցնում ոչ թե վարչա-քաղաքական բաժանումը, այլ Էթնիկ կազմը և բնական պայմանները։ Այդ տեսակետից «Աշխարհացույցը» արժեքավոր սկզբնաղբյուր Է հին աշխարհի էթնիկական ատլասը կազմ ելու համար։
Առանձին երկրներ նկարագրելիս հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում նրանց ոռոգման համակարգին, որը, ինչպես հայտնի է, կարևոր դեր է խաղացել Արևելքի ժողովուրդների կյանքում: Այնպիսի մանրամասնությամբ Է ներկայացված Հայկական լեռնաշխարհի գետային սխեման, որ դրա հիման վրա դժվար չէ կազմել հին Հայաստանի գետային համակարգի քարտեզը։
Եվրոպական երկրներից «Աշխարհացույցում» նկարագրված են 12-ը (Իտալիան, Բրիտանիան, Գերմանիան, Գալիան, Դաղմանտիան, Սպանիան, Սարդինիան, Սիցիլիան, Սարմատիան, Թրակիան, Մակեդոնիան և Հելլադան), Աֆրիկայից նկարագրված է ընդամենը ութ երկիր, իսկ Արևելքից քսան։
«Աշխարհացույցի» ամենից ինքնատիպ ու արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների նկարագրությունն Է, որի համար հիմք Է վերցրած Արշակունյաց Հայաստանի վարչական բաժանումը։ Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են ոչ միայն նրա աշխարհագրական սահմանները, այլև՝ տվյալ նահանգի գլխավոր գետերը, լեռները, հանքային հարստությունները, բուսականությունը և այլն։
«Աշխարհացույցի» շարունակությունն Է «Մղոնաչափքը», որի մեջ տրված են Հայաստանով անցնող առևտրական կարևոր մայրուղիները և նրանց վրա տեղադրված առևտրաշահ կենտրոնները։ Նշվում է, թե այդ կենտրոնները մեկը մյուսից քանի՞ մղոն հեռավորության վրա են գտնվում։
«Մղոնաչափքին» հետևում Է «Աստղաբաշխական երկրաչափությունը», որի մեջ ասպարիզական չափերով տրված են երկրի հեռավորությունը լուսնից, արեգակից և մյուս մոլորակներից: Այդ չափերը, իհարկե, տարբերվում են ներկայումս մետրերով որոշված ճիշտ չափերից, բայց նրանք ուշագրավ են այն տեսակետից, որ ցույց են տալիս հայ հեղինակի գիտական հետաքրքրության շրջանակները։
Շիրակացին ունի չափ ու կշիռներին, թանկագին քարերին, եղանակի տեսությանը և ընդհանուր պատմությանը նվիրված այլ աշխատություններ, որոնք կարևոր աղբյուր են հին Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսության և մշակույթի պատմության ուսամնասիրության համար։
Սխալ կլիներ կարծել, թե հնում Շիրակացին միակն Է եղել, որ զբաղվել է բնական գիտություններով հայ իրականության մեջ: Շիրակացու թվաբանության աղյուսակների աոաջաբանից երևում է, որ նա օգտվել է իրենից առաջ գրված ծավալուն մի թվաբանական բնագրից։ Շիրակացուց առաջ հունարենից հայերենի էր թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայքր», Եպիփան Կիպրացու թանկագին քարերին նվիրված աշխատությունը, Գրիգոր Նյուսացու «Մարդու կազմության մասին» կենսաբանական բովանդակությամբ ուսումնասիրությունը, Կեղծ-Արիստոտելի «Աշխարհի մասին» աշխատությունը և այլն, որոնցից օգտվել է Շիրակացին։ Հայտնի է նաև, որ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատության մեջ արծարծված են բնական գիտություններին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Բնափիլիսոփայական հարցերի վյւա կանգ են առել նաև Եղիշեն «Արարածոց մեկնութիւն» և Ղավիթ Անհաղթը «Սահմանք իմաստասիրութեան» աշխատությունների մեջ։ Սակայն պետք է նկատել, որ նշված աշխատություններում բնագիտական հարցերը ներկայացված են փիլիսոփայության հետ սերտորեն առնչված, և Շիրակացին առաջին հեղինակն է հայ իրականության մեջ, որ բնական գիտությունը բաժանեց, առանձնացրեց փիլիսոփայությունից։
Անանիա Շիրակացու ստեղծագործությունները խոր հետք են թողել միջնադարյան հայ մատենագրության մեջ, մասնավորապես բնական գիտությունների ասպարեզում։ Դժվար է մատնացույց անել բնական գիտություններով զբաղվող հետագա որևէ հեղինակի, որ օգտված չլինի Շիրակացու աշխատություններից։

Հեղինակ` Ա. Աբրահամյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.

Comments

comments