ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆ

ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաքիլիսայի ճակատամարտըՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 95-ԱՄՅԱԿԸ
Զրույց աշխարհագրական գիտ. թեկնածու Խաչիկ Սարգսյանի հետ

1918 թ. Մայիսյան հերոսամարտերի մասին խոսելիս սովորաբար նշում ենք հայտնի երեք ճակատամարտի անուն` Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա: Իրականում հանիրավի ստվերվել է այս հերոսամարտերի նախերգանքը` Սառնաղբյուրի կամ, ինչպես այն ժամանակ էին ասում, Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությունը մայիսի 14–22-ին:
Շիրակցիների մղած մեկշաբաթյա անհավասար կռիվներին «Ակունք» ռադիոհանդեսն առաջին անգամ անդրադարձել է 2003-ին, երբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ Մայիսյան հերոսամարտերի 85-ամյակին նվիրված գիտաժողովը տեղի ունեցավ Սառնաղբյուր գյուղում:
95 տարի առաջ արևելահայությունը լինել-չլինելու հարց էր լուծում: 1918 թվականի սկզբին, խախտելով դեկտեմբերին Երզնակայում կնքված զինադադարը, թուրքական բանակը ներխուժեց Արևմտյան Հայաստան, գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, անարգել մտավ Կարս ու սկսեց սրընթաց շարժվել դեպի երկրի սիրտը` Արարատյան դաշտ:
Հայկական բարձրավանդակից մնացել էր հայրենի այս անկյունը` մի բուռ հայրենիք, և դա էլ չէին ուզում ներել նրան: Արևմտյան Հայաստանը հայաթափված էր: Եղեռնապուրծ հայության խլյակների ցիրուցան բեկորները տարածվել էին աշխարհով մեկ, մի մասն էլ ծվարել էր Շիրակում: Թուրք բորենու արյան ծարավը, սակայն, չէր հագենում, և երախը բաց, ժանիքները սրած հրեշը ուղղություն էր վերցրել դեպի Էջմիածին և Երևան` վերջնականապես բոլորին հոշոտելու կենդանական ցանկությամբ: Եթե դա թուրքերի ամենաթուրք ժամանակն էր, ինչպես բնորոշեցի ապրիլքսանչորսյան հաղորդման ժամանակ, ապա հայերիս համար էլ արժանապատվորեն համախմբվելու և թշնամու գլխին միասնական բռունցքով հարվածելու ժամանակն էր:
Սակայն առանց դիմադրության դեպի Արարատյան դաշտ առաջացող թուրքական 36-րդ դիվիզայի զորամիավորումներին հանկարծակիի բերեցին Սոդուքլուի հերոսները: Այս գյուղում, որ Ալեքսանդրապոլից հեռու է 22 կմ, փախստականների հսկայական զանգված էր ապաստանել: Շիրակում թուրքական զորամիավորումներն անակնկալի եկան` հանդիպելով կազմակերպված և համառ ինքնապաշտպանության: Թուրքական հրամանատարությունն ստիպված էր զգալի ռազմական ուժ առանձնացնել` շիրակցիների դիմադրությունն ընկճելու համար: Սոգյութլուի գործողությունները ձախողեցին թուրքերի ռազմական պլանները. մեկ շաբաթով կասեցվել է թուրքերի սրարշավ մուտքը Արարատյան դաշտ` մի կողմից` հնարավորություն տալով խաղաղ բնակիչների բազմահազարանոց զանգվածին, որոնց զգալի մասը եղեռնապուրծ արևմտահայեր էին, անվնաս հասնելու Արարատյան դաշտ, մյուս կողմից` հայկական ուժերի համար ապահովել են նվազագույն անհրաժեշտ ժամանակը` ճակատամարտի նախապատրաստվելու Սարդարապատում:
Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը լուծվեց հօգուտ լինելիության… Վերականգնվեց հայոց պետականությունը, և շիրակցիներն արդարացիորեն վիրավորված են, որ իրենց գոյամարտը պատմության ուշադրությունից դուրս է մնացել:

Չգիտեմ` ինչպես է ուրիշ ժողովուրդների պարագայում, բայց մենք` հայերս, շատ ենք կառչած մեր անցյալին: Ավանդապահության առումով դա անչափ գովելի է, եթե, իհարկե, ուզում ենք ունենալ արժանապատիվ ապագա: Մենք միշտ ենք հպարտանում հատկապես անցյալի մեր հաղթանակներով` հաճախ, սակայն, անտեսելով մեր այսօրը, մոռանալով, որ այսօ՛ր ենք կերտում ապագայի հաղթանակները: 1918-ին անելանելի կացության մեջ հայտնված հայությունը հաստատեց գոյության ի՛ր իրավունքը` դարավոր կորստից հետո վերականգնելով իր անկախ պետականությունը, որը, ցավոք թիթեռի կյանք ունեցավ:
1918-ի գոյամարտերում հերոսացած հայ զինվորը 2 տարի անց` 1920-ի հոկտեմբերի 30-ին, առանց մեկ կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը, որն իրականում նշանակում էր Հայաստանի Հանրապետության անկում: Ես ծանոթ եմ Կարսի անկման խորքային պատճառներին. պատմաբան Գևորգ Յազըճյանի «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» (2009) աշխատությանը ժամանակին անդրադարձել ենք մեր եթերում: 1920 թվականին մեր երկրում ստեղծված անասելի հուսահատության ու հուսալքության և բարոյազրկության ծանր մթնոլորտը դարձել էին օրինաչափություն, և այդ պայմաններում անխուսափելի էին թե՛ Կարսի անկումը, թե՛ ՀՀ: Կարսի խայտառակության ականատեսներից Արտաշես Բաբալյանի հուշագրությունից, սրտի խորին ցավով, ստիպված եմ կրկնել մի արտահայտություն. «Երանի թէ այս դառն սխալները դաս ծառայէին ապագայի համար»: Հազա՜ր երանի …
Բայց ինչպիսի՞ բարոյահոգեբանական մթնոլորտ և ապահով ապագայի երաշխիքներ ենք ստեղծել մեր անկախության ավելի քան 20 տարում: Երեկ իր պետական պարգևից հրաժարվեց Սիլվա Կապուտիկյանը, այսօր` Արցախյան պատերազմի վետերանը: Արցախյան գոյամարտում հաղթանակած զինվորն այսօր հայտնվել է ծանրագույն կացության մեջ: Սթա՛փ նայենք իրականությանը և իրերն անվանենք իրենց իսկական անուններով: Արցախյան շարժումը մտավորական շարժում էր և ոտքի հանեց ազգի սերուցքին, որի մեծ մասին կորցրինք ռազմական գործողությունների սկզբում, ոմանց` հաճախ շատ կասկածելի իրավիճակներում, ոմանց էլ կարողացանք այնպես հուսահատեցնել ու հուսալքել, որ հեռացան հայրենիքից` չհարմարվելով երկրում ստեղծված առկա մթնոլորտին: Ես ոչինչ չեմ չափազանցնում, խոստովանում եմ` այո, Արցախյան պատերազմի մասնակիցների մեջ քիչ չէին նաև պատեհապաշտները, աթոռամոլները, զինակիցների փառքը ժառանգածները: Դա էլ է բնական, մարդկային է: Սակայն ա՛յլ է թշնամիներով շրջապատված և պատերազմական վիճակից դեռևս դուրս չեկած երկրի խնդիրը: Սա բոլորն են գիտակցում` անկախ ամեն ինչից: Ինձ մտահոգում և անհանգստացնում է այլ հարց` իսկ ո՞վ է պաշտպանելու մեր վաղվա՛ Կարսը` ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: «Իհարկե, ո՛չ երեկվա պատեհապաշտը: Իհարկե, Հայկական բանակի զինվորը»,– կասեն ձեզանից շատերը: Համաձայն եմ, դա նրա պարտքն է: Բայց կուզեի ճշտել` ո՞ր զինվորը` ծառայության ընթացքում վիրավորված, ստորացված, արժանապատվությունը նսեմացված, գողական ու կիսագողական տականքի քմահաճույքներին ենթարկվա՞ծ զինվորը… Ո՞ր զինվորը… Ինչո՞վ է այսօր անկախ Հայաստանի Հանրապետության բանակում իր զինակցի արյունը հեղող ստահակը տարբերվում սահմանից անդին դարանակալած բորենուց… Մարտի դաշտում զոհվող յուրաքանչյուր զինվորի հետ «զոհվում» է մեզանից յուրաքանչյուրը, խաղաղ պայմաններում սպանվող յուրաքանչյուր զինվորի հետ «մեռնում» ենք բոլորս…
Բա՛վ է այլևս…
Այս մասին պետք է մտածի յուրաքանչյուր բանական արարած, առաջին հերթին` երկրի ղեկավարները: Պատասխան պետք է տան հատկապես ա՛յս կացությունն ստեղծողները: Բո-լո-րը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինձանից սկսած, պետք է փորձի գիտակցել մեղքի ի՛ր բաժինը, որովհետև հարկավոր է նախ մեր «ես»-ը կամ «մենք»-ը ախտահանենք, որպեսզի կարողանանք միասնական ջանքերով, ինչպես 1918-ին կամ Արցախյան պատերազմում, ազգովի լուծել արտաքին թշնամու հարցը: Այսօր մե՛նք ենք դարձել մեր թշնամին` ներսից հոշոտելով ինքներս մեզ…
Մենք պարտավոր ենք, մեր գալիք ռազմական հաղթանակներն ամրագրելու համար այսօ՛ր, հե՛նց այսօր, նախ և առաջ առողջացնել Հայկական բանակը, ձերբազատել այն հին ու նոր բոլոր տեսակի արատներից, բուժել նրան քրոնիկական դարձած բոլոր տեսակի ախտերից, ներմուծովի բոլոր անվայել երևույթներից, որովհետև մենք պարտավոր ենք ուժեղ, շատ ուժեղ լինել այսօր, հե՛նց այսօր, այլապես վաղը անդառնալի կլինի:
Եվ քանի որ ներկայացվող հաղորդումը հայոց անցյալի հաղթանակների մասին էր, ուզում եմ հավելել` այո՛, հպարտանանք անցյալի մեր փառքերով, բայց նաև այնպես ապրենք, որ արժանի լինենք անցյալի մեր փառքերին:
«Վէմ» ռադիոկայան
29. 05. 2013

Հասմիկ  Գուլակյան

 

Comments

comments